ԽԼՈՒՐԴԸ


Թվաց, թե աշխարհն է փլվում, հողը դղրդաց, ցնցվեց անցնող բեռնատարի
անիվների տակ: Հողի շերտն աղմուկով փլվեցբացելով մի լայն ճեղք հենց այն պահին, երբ հայր ու որդի խլուրդները դեպի նոր բնակարանը տանող ուղին էին լայնացնում: Թվաց, թե աշխարհն է փլվում, դե՛, թվաց պարզապես: Հայր ու որդի մնացին հողե պատնեշի տարբեր կողմերում: Հայր Խլուրդն իրար անցավ: Փլվող հողն իր հետ մի մեծ քարաբեկոր էր բերել, որ խրվել էր թունելի նեղլիկ ոլորանում ու փակել փոքրիկ Խլուրդի ճամփան: Հայրը փորձեց տեղից շարժել քարաբեկորը՝ անօգուտ: Քարը փորել-ծակելն անհնար էր, միայնակ այն տեղաշարժել փորձելը ժամանակի անիմաստ կորուստ: Հայր Խլուրդն արագ-արագ հողից
մաքրեց տուն տանող ճանապարհի մնացած հատվածը, որդուն խրատելով սպասել մինչև ինքն օգնություն կկանչի: Փոքրիկ Խլուրդը փորձեց շարժվել. մեծ քարաբեկորն ընկել էր ոտքին շատ մոտ, ու այնքան հող էր լցվել, որ մինչև գոտկատեղ խրվել, մնացել էր վանդակված: Հոր պահանջով ամուր փակեց աչքերն ու գլուխն առավ թմբլիկ թաթերի մեջ: Քթի տակ սիրած երգը մռթմռթաց: Փորձված միջոց է. ձայնը տարածվում է թունելներով, փոխում ուղղությունը, արգելքի հանդիպելիս շրջանցում հմտորեն ու արձագանքով բազմապատկվում: Տպավորություն է, թե իր հետ միասին երգում է փոքրիկ խլուրդների ևս մեկ տասնյակ: Խավարն էլ մի քիչ նահանջում է, ու ինքն այլևս մենակ չի զգում: Այս անգամ էլ փորձեց. տարօրինակ է ձայնը գնաց, գնաց ու
կորավ առանց արձագանքի: Սրտնեղեց, մենակություն չի սիրում: Ցավ չէր
զգում, բայց շարժվել չէր կարող: Ինչքա՜ն ուրախացավ, երբ կողքին լսեց Ծեր
Անձրևորդի խռպոտ ձայնը: Իրենց հարևանն էր ու իր վաղեմի ընկերը:

  • Ա՛յ տղա, ուրիշ երգ չգիտե՞ս, ականջս տարար:
  • Աշխարհի վե՞րջն է, – հարցրեց առանց նայելու` ցույց տալով վերևում
    բացված հսկա ճեղքը:
  • Անխե՜լք, փոքրիկ Խլուրդ, – աշխարհը հենց այդտեղից էլ սկսվում է, թե կուզես
    իմանալ:
    Տարօրինակ աղմուկ լսվեց վերևից: Մի հսկա մռութ ներս նայեց բացված
    ճեղքից, հոտոտեց, հաչաց ու ետ քաշվեց:
  • Ի՞նչ էր, – շունչը տեղը բերելով՝ հարցրեց Փոքրիկ Խլուրդը:
    Անձրևորդը մի քանի գալար տվեց, պոչից թափ տվեց հողի մնացորդներն, ապա
    ձայնին աղդեցիկ երանգ հաղորդելով՝ արտաբերեց.
  • Մյուս աշխարհի տիրոջ օգնականն է, ընդամենը տիրոջն է պաշտպանում, մեր
    աշխարհ չի գա:
    Խլուրդի վախը կամաց-կամաց փոխվում էր հետաքրքրասիրության: Առաջին
    անգամ մտածեց, որ բացի իրենց մութ, գալարուն թունելներից ու իրեն այդքան
    հարազատ խավարից, որ ամենուր է, ուրիշ աշխարհ էլ կա` շատ մոտ, հենց իր
    գլխավերևում: Ծեր Անձրևորդն էլ այնպիսի վստահությամբ է խոսում, որ
    հաստատ եղել է այնտեղ: Մտաբերեց, որ երբեմն Անձրևորդը տարօրինակ
    կերպով անհետանում է, հետո նույնքան տարօրինակ կերպով հայտնվում՝
    ինչպես այսօր:
    Զգուշորեն թաթիկները հեռացրեց աչքերից: Այրող ծակոց զգաց: Արագ
    բացուխուփ արեց աչքերը. չէ´, հաստատ աշխարհի վերջը չի: Աչքերը սկսեցին
    մրմռալ, այդ ընթացքում հասցրեց նկատել մի մեծ, շատ մեծ գունդ, որ բացված
    ճեղքից էլ դեռ շատ ու շատ վեր էր: Հենց այդ գունդն էր վառում աչքերը:
  • Դա էլ ուրի՞շ աշխարհ է, – հարցրեց Անձրևորդին:
  • Նման մի բան, – ասաց Անձրևորդը, – մյուս աշխարհի արեգակն է, ոնց որ մեր
    խավարը, ուղղակի լրիվ հակառակը՝ կրակի պես այրող ու տաք:
    Փոքիկ Խլուրդը լրիվ խճճվեց: Աչքերը ցավում էին, գլուխն էլ սկսեց ցավել,
    ոտքերը չէր զգում, թմրել էին: Աչքերը փակեց: Խուտուտ զգաց, ասես մեկը
    համբուրում էր իր փակ աչքերը: Այդպես մնաց մի քանի րոպե: Մեկն իսկապես
    համբուրեց` Մայր Խլուրդն էր: Մինչ հայրն օգնության հասած խլուրդների հետ
    որդուն ազատում էր քարե զնդանից, մայրը հերթով ստուգեց նրա
    վերջույթները:
    Այն ժամանակ միայն, երբ Փոքրիկ Խլուրդն ամուր փաթափվեց մորն ու
    կարողացավ շարժել ոտնաթաթը, մայրը թեթևացած շունչ քաշեց ու
    անմիջապես սկսեց նախատել որդուն, որ արագ չի փորում, հորից ետ է
    ընկնում, որ թունելները նեղլիկ է անում ու նման շատ բաներ: Հետո սրբեց
    արցունքներն ու ասաց.
  • Գնանք տուն, սոված կլինես:
    Արդեն անկողնում պառկած՝ Փոքրիկ Խլուրդը լսեց հյուրասենյակում
    հավաքված խլուրդների խոսակցությունը.
  • Անհապաղ պիտի փակել բացված ճեղքը, – ասում էին խլուրդները
    միաբերան:
    Գիշերային ժողովն արդեն իսկ վկայում էր այն մասին, որ ցեղակից
    խլուրդները չափազանց մտահոգ են: Իրեն հասած կցկտուր
    նախադասություններից հասկացավ. վտանգը կախվել է իրենց աշխարհի վրա
    ու սպառնում է խլել խավարը:
    Իմաստուն Խլուրդը, որ բոլորից տարեցն էր, հերթով բոլորին
    հանձնարարություններ տվեց: Որոշեցին հնարավորինս շուտ փակել ճեղքը նախապես դեպի այդ կողմ գլորելով բոլոր մանր-մունր քարերը, այնուհետև հատուկ՝ պապենական խյուսով ծեփել, ամրացնել, որ չփլվի: Փոքրիկ Խլուրդը շուռումուռ էր գալիս անկողնում: Պարզվում է՝ խավարն այնքա՜ն կարևոր է իր ու ցեղակիցների համար: Երևի ինքը դեռ շատ փոքր է, որ չի հասկանում դրա կարևորությունը, երբեմն նույնիսկ ձանձրանում է: Փորձեց վերհիշել թունելում անցկացրած ժամերը, մոր պատմած բազում պատմություններն ու առասպելները: Հետո աչքերի առաջ, սենյակի մթության մեջ գծագրվեց մյուս աշխարհի մեծ, կրակե գունդը. «Մյուս աշխարհի արեգակն է, ոնց որ մեր խավարը ուղղակի լրիվ հակառակը… »: Անձրևորդի ասածից
    ստացվում է, որ մյուս աշխարհի Արևը նույնքան կարևոր է, որքան իրենց
    Խավարը. ուրեմն և նույնքան զորե՞ղ է… գուցե և ավելի` փայլատակեց
    հանկարծ Խլուրդի գլխում: Փորձեց քնել: «Խավարը մեր աշխարհի անդորրն է
    ու ապահովությունը»՝ գլխում հնչում էին Իմաստուն Խլուրդի խոսքերը:
    Որոշեց՝ անպայմա´ն պիտի տեսնի, թե ինչ կա մյուս աշխարհում ու հենց
    հիմա´, քանի դեռ չեն փակել մյուս աշխարհ տանող ուղին:
    Անձրևորդն ապրում էր կողքի բնակարանում, պատից այն կողմ: Կամացուկ
    թխկթխկացրեց պատն այն մասում, ուր Անձրևորդի ճոճվող աթոռակն էր, մի
    անգամ էլ, հետո շրթունքները մոտեցրեց պատին ու ձայն տվեց.
  • Ծերու՜կ…
    Վերջապես պատի ետևում լսվեց Անձրևորդի խռպոտ ձայնը:
  • Հիմա ի՞նչ է եղել:
  • Պիտի օգնես ինձ:
  • Մնա վաղը, – լսվեց աթոռի ճռռոցը:
  • Վաղն ուշ կլինի, – համառեց Խլուրդն ու շարունակեց թխկթխկացնել պատը:
    Մի քանի րոպե անց Անձրևորդը կողքին էր:
    Ունքերը վրա բերեց, իբր բարկանում է, հանեց գոտկատեղից կախված
    ծխամորճը, հետո փոշմանեց, նորից ետ կախեց գոտիկից:
  • Ի՞նչ անհետաձգելի գործ ունեք, պարո´ն, որ գիշերն անգամ չեք թողնում ծեր
    «ոսկորներս» հանգստանան:
  • Վաղը ծեփելու են ճեղքը, – ականջին շշնջաց Խլուրդը:
  • Կանչել ես այդ հույժ կարևոր լուրը հայտնելո՞ւ, մինչև առավոտ չէր սպասի՞:
  • Ուզում եմ տեսնել մյուս աշխարհը, – ձեռքով ցույց տվեց դեպի վեր:
  • Ինչի՞դ է պետք, խավարից լավ բա՞ն պիտի գտնես, – ակնոցն ուղղեց
    Անձրևորդը:
  • Ի՞նչ իմանամ, – հարցին հարցով պատասխանեց Փոքրիկ Խլուրդը, աչքերը
    չարաճճի փայլեցին, – եթե այնտեղ կարևոր բան չլիներ, քո ինչի՞ն էր պետք
    ամեն օր փորելը, գնալ-գալը:
    Անձրևորդը ժպտաց.
  • Համա՜ թե խորամանկն ես, հետն էլ՝ համառ: Lա՛վ, մի բան կմտածենք, միայն
    պիտի արագացնենք, քանի դեռ լույսը չի բացվել, առանց այդ էլ երեկ աչքերդ
    կարգին վնասել ես, առավոտյան արևն ավելի ուժեղ կայրի, կկուրանաս լրիվ:
  • Կհասցնենք, – ասաց Խլուրդը :
    Փորեցին, հասան երեկվա նույն տեղը: Ճեղքը մեծացել էր, լուսնաձև բացվել:
    Տեղավորվեցին կողք կողքի`բաց երկնքի տակ: Տարօրինակ է. վերևում էլ էր
    մութ, միայն տեղ-տեղ մութն ասես ասեղով ծակծկել էին ու մանր, փայլփլուն
    քարեր շաղ տվել:
  • Աստղերն են, – ասաց Անձրևորդը՝ կռահելով Խլուդի հարցը, – գիշերվա
    գեղեցկուհիներն են:
    Խլուրդը հիացած նայում էր երկնքին. ինչքա՜ն տարբեր է գիշերն իրենց
    խավարից, ի՜նչ սիրուն են աստղերը: Նայում էր ագահությամբ, փորձում
    մտապահել ամեն մի մասնիկն իր համար անծանոթ, նոր աշխարհի: Աձրևորդը
    հաճույքով պատասխանում էր բոլոր հարցերին: Սիրում է այս խենթուկին, որ
    իր ջահելությունն է հիշեցնում: Հիշեց, թե ինչպես ինքն առաջին անգամ փորեց,
    բարձրացավ երկրի երես. ո՜նց էր սիրտը խփում, երբ առաջին անգամ տեսավ
    մայրամուտը…
    Սկսեց լուսանալ, աստղերը հալվեցին, կորան, փոխարենը ճյուղերի արանքով
    ճեղքից ներս թափանցեց տաք, ջերմ շողիկը, բայց չծակեց` այս անգամ
    պարզապես տարօրինակ ջերմություն զգաց: Ջերմացավ, տաքացավ մարմինը:
    Արևի շողերը հովհարի պես բացվեցին, լայնացան, ու առաջին անգամ Փոքրիկ
    Խլուրդը տեսավ գունեղ աշխարհը: Թռչունները երգեցին իրենց առավոտյան
    երգը: Խլուրդը փորձեց կրկնօրինակել նրանց. մի անհասկանալի գռմռոց
    ստացվեց: Ծիծաղեցին:
  • Լուսանում է, – ասաց Անձրևորդը, – պիտի վերադառնանք:
    Փոքիկ Խլուրդը ձգվեց, թաթիկներով հասավ ցածում կախված ճյուղին, բռնվեց
    ճյուղից ու գլուխը բարձրացրեց ճեղքից վեր: Գույները շատացան,
    պայծառացան, ցավեցրին աչքերը…
  • Խե՛նթ, – ոտքերից ողջ ուժով կախվեց ու ներս քաշեց Անձրևորդը:
    Շտապեցին տուն: Ոչինչ չէր տեսնում, թաթիկներով արագ-արագ փորում էր ու
    փորձում մտապահել ամեն ծառ ու ծաղիկ, ամեն գույն, որ տեսավ լուսավոր
    աշխարհում:
    Երեք օր ջերմում էր Փոքրիկ Խլուրդն ու խոսում տենդի մեջ: Մայրը փորձեց
    բոլոր միջոցները, բոլոր քսուքներն ու բուժիչ թրջոցները՝ ապարդյուն: Փոքրիկ
    Խլուրդը կուրացել էր:
  • Տեսնում եմ, – հանգստացնում էր մորը, – տեսնում եմ կապույտ երկինքը,
    հեռու-հեռավոր աստղերը, որ սպիտակ սառը լույս են տալիս ու տաք,
    կրակի պես կարմիր Արևը…
    Ու սկսեց փորել Խլուրդըօրեր, ամիսներ: Նախկին նեղլիկ գալարները լայնացան, տարբեր ձևեր ստացան ու գետնի տակ մի հրաշք այգի դարձան: Ամբողջ դաշտով մեկ տարածվեց Խլուրդի համբավը: Ասում են նրա կառուցած
    բնակարաններում արտասովոր լույս կա, անգամ հողի տակ՝ մի քանի մետր
    խորությամբ:
    Ծեր Անձրևորդն առաջինն է գնահատում նրա աշխատանքը: Անձրևից հետո,
    երբ հողը փափկում է, Անձրևորդը փորում, դուրս է գալիս հողի երես, ուղղում
    քթի ակնոցը, հարմար տեղավորվում ու հիանում մայրամուտի գույներով:

    Իմ ամենասիրելի հատվածը որ փոքրիկ խրուրդը անձրևորդի հետ գնաց վերևի աշխարհ։ Չնայած, որ փոքրիկ խլուրդը գիտեր որ իր աչքերը կվնասվեն լույսից նա գնաց վերևի աշխարհ տեսնելու և ճանաչելու։