Վախթանգ Անանյան
Ասում են՝ ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ-բժիշկ է եղել: Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել, բերել տուն:
Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով կապվել է տիրոջ հետ:
Ասում են՝ նա բժշկի հետ սեղան էր նստում, իր համար պատրաստված աթոռակին, կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա՜-ղա՜» կանչելով՝ շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում՝ քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ: Երեկոյան տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում՝ թառելու:
Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում: Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած: Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ դա նրա լավագույն կողմնացույցն էր:
Իսկ թանձր մառախուղին՝ անտառում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը:
Բժիշկը դուրս էր գալիս քաղաքի գլխավոր փողոցը, և ընկերները նախանձում էին նրան:
-Դե՞, բժի՛շկ, ի՞նչ կլինի՝ կանչես քո ագռավին:
Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն, ուր ծառերի վրա աղմկում էին ագռավները, և կանչում հեռվից.
-Թուխի՜կ, Թուխի՜կ…
-Ղա՜-ղա՜… լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից:
Հասարակությունը զարմանում էր ագռավային այդ պատասխանի վրա:
-Թուխի՛կ, քե՛զ եմ սպասում,- ձայն էր տալիս բժիշկը:
-Ղա՜-ղա՜… այսինքն՝ գալի՜ս եմ, գալիս,- լսվում էր պատասխանը, և երամից բաժանվում էր Թուխիկը, պտույտներ էր գործում ու նստում իր տիրոջ ուսին:
Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց.
-Վաղուց ես նստած, ինչու՞ ճաշ չես պատվիրում:
-Ընկերոջս եմ սպասում…
Կարծեցին, իրոք, մարդու է սպասում:
Ապա նա տեղից վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանն ու նայեց երկինք: Քիչ անց ագռավների մի մեծ երամ էր անցնում:
Թուխի՛կ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՛ն, ախր քե՜զ եմ սպասում,- սրտնեղած ձայն տվեց նա:
Ղա՜-ղա՜… լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին: Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց:
Այնուհետև բժիշկը ամեն անգամ գնում էր այգու ճաշարանը և սպասում էր իր Թուխիկին:
Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ-բժիշկ ու իր փետրավոր ընկերը:
Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը, նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տերվեց մինչև գերեզմանատուն:
Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարեց:
-Թուխի՛կ, դու՛րս եկ,- լացի միջից ձայնեց բժշկի այրին:
Չլսվեց պատասխան «ղա-ղա»-ն. կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր:
Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին:
Բարակ անձրև էր տեղում: Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած:
Հին ու քարսիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը, ականատես եղան այս թռչունի արարքին, և ծերերը քրթմնջացին.
-Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այս թռչունի չափ իրար հավատարիմ մնային…
Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել՝ տիրոջ ուսին թառած:
Ասում են՝ մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր-տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին: Թուխիկն է. դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը…
Իսկ նրա դիմաց՝ քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը, կանգնած ջահել բարդիների վրա, ուրախ աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները…
Հարցեր և առաջադրանքներ
- Դու՛րս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
գորշ – մոխրագույն
թուխ – մուգ գորշագույն
ծերպ – փոքրիկ անցք
թանձր – խիտ
զառամեց – ծերանալ
այրի – Ամուսինը մեռած կին
քրթմնջալ – շշնջալ
- Բացատրի՛ր հետևյալ նախադասությունը՝ Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Բոլորը խոսում էին Թուխիկի մասին։
- Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:
Ասում են՝ մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր-տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին: Թուխիկն է. դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը…
- Նկարագրի՛ր Թուխիկին:
հոգատար, բարի, հավատարիմ, խելացի, սրատես։
- Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
Ասում են՝ մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր-տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին: Թուխիկն է. դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը…